GuideMASTER 2/Գինու զբոսավարների վերապատրաստման ծրագիր/Հայտերն ընդունվում են

ICARE հիմնադրամը հայտարարում է GuideMASTER՝ գինեգործության ոլորտի զբոսավարների վերապատրաստման ծրագրի երկար սպասված երկրորդ փուլի մեկնարկի մասին: Հայտերի ընդունումն արդեն սկսված է:

Ծրագիրն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի կառավարության անունից գործող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:

GuideMASTER ծրագրի նպատակն է գինու զբոսավարների մասնագիտական վերապատրաստման միջոցով բարձրացնել Հայաստանում էնոզբոսաշրջության (գինու զբոսաշրջություն) որակը և բարձրացնել Հայաստանի՝ որպես հնագույն գինեգործական երկրի միջազգային վարկանիշը:

Ծրագրի նկարագրությունը: GuideMASTER ծրագիրը ներառում է երկու հիմնական ուսումնական մոդուլներ՝ Պատմություն, Արվեստ և Մշակույթ և Խաղողագործություն և Գինեգործություն, սակայն ծրագրի կարևոր ուսումնական բաղադրիչ են կազմում նաև գինու մասնագիտացված համտեսի և սենսորային գնահատման գործնական դասերը, որոնք կվարեն ոլորտի առաջատար մասնագետները:

GuideMASTER ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն լսարանային, այլև ինտենսիվ գործնական ուսուցում, որը նախատեսում է այցելություններ Հայաստանի գինու շրջաններ, խաղողի այգիներ, պատմամշակութային վայրեր` հայկական գինու պատմությանը և մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Ծրագրի ավարտին դասընթացի մասնակիցները կկարողանան՝

  • Ինքնուրույն նախագծել և անցկացնել գրագետ գինու տուրեր,
  • Զբոսաշրջիկներին և հյուրերին ծանոթացնել հայկական գինեգործական տարածաշրջանների պատմությանը, առանձնահատկություններին և գինիներին,
  • Բարելավել գինու զբոսաշրջության ոլորտի ծառայությունների որակը,
  • Ձեռք բերել մասնագիտական հմտություններ և գիտելիքներ:

Ծրագրով նախատեսված դասընթացներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է: Խումբը կազմված է լինելու առավելագույնը 20 մասնակցից։ Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր` տեսական և գործնական քննության արդյունքների հիման վրա

Դասընթացի ժամկետները: GuideMASTER ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 4 ամիս (2022թ. մարտ-հունիս), շաբաթական 2 անգամ, ժ.18:30-21:00: Դասընթացների անցկացման վայրը՝ EVN Գինու Ակադեմիա (ք. Երևան, Տերյան 74):

Մասնակցային վճար: GuideMASTER ծրագիրը անցկացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի համաֆինանսավորմամբ և նախատեսում է 100,000 ՀՀ դրամ մասնակցության վճար, որը մասնակի փոխհատուցելու է ծրագրի ընթացքում գինեգործարաններ և գաստրո բակեր այցելությունները և համտեսները, մեկ գիշերակացով ուսումնական այց Վայոց Ձորի մարզ, թանգարանների և պատմամշակութային վայրերի մուտքավճարները, ինչպես նաև գինու մասնագիտացված համտեսներին մասնակցությունը:

Դիմելու կարգը: Ծրագրին կարող են մասնակցել փորձառություն ունեցող զբոսավարները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ գինու զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև գինեգործարանների՝ գինու տուրեր իրականացնող աշխատակիցները։

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հակիրճ մոտիվացիոն նամակը՝ sona.khojoyan@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. փետրվարի 18-ը ներառյալ՝ վերնագրում նշելով ծրագրի անվանումը: Կոնտակտային անձ՝ Սոնա Խոջոյան: Միայն հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: