Խոտածածկ տարածքների ԱՏՀ և հեռահար զոնդավորման դասընթացները ավարտվեցին
Սույն թվականի հոկտեմբերի 18-ից 29-ը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամում կայացավ խոտածածկ տարածքների ԱՏՀ քարտեզագրման դասընթացը «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի շրջանակում։
Նախագիծը իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝ «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով (ECOserve)» ծրագրի շրջանակներում:
Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների և ICARE-ի ԱՏՀ դասընթացավարների կարողությունների զարգացման նպատակով։ Դասընթացը վարեց ծրագրի գործընկեր Գերմանական օդատիեզերական կենտրոնի (ԳՕԿ) աշխատակից Սարա Ասամը։
Դասընթացը վերաբերվում էր դաշտային հետազոտությունների և հեռահար զոնդավորման հիման վրա ՀՀ բնական կերհանդակների տարածման սահմանների, վիճակի, կենսազանգվածի և բեռնվածության վերաբերյալ մոդելավորման սկզբունքներին և գործնական կիրառությանը։
COVID-19 համաճարակի պատճառով հանդիպումը կազմակերպվել է հիբրիդային ձևաչափով։ Դասընթացի ժամանակ ապահովվել է համաժամանակյա թարգմանություն։
Նախագծի շրջանակում ICARE ԱՏՀ մասնագետները 2021թ․-ի նոյեմբեր ամսվանից մինչև 2022թ․ մայիս ամիսը կայցելեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և կտրամադրեն համընթաց դասընթացներ՝ իրենց աշխատանքային միջավայրում համապատասխան աշխատակիցներին սովորեցնելով կիրառել ԱՏՀ և հեռահար զոնդավորում։ Դասընթացի արդյունքում ակնկալվում է, որ Նախարարության աշխատակիցները կկարողանան ինքնուրույն վերստեղծել ՀՀ բնական կերհանդակների տարածման սահմանները, վիճակը, կենսազանգվածը և բեռնվածքը պատկերող քարտեզներ։