ICARE հիմնադրամի ZYAC կենտրոնում տեղադրվել է Զաբել Եսայանի հուշարձանը
2022 թվականի հոկտեմբերի 9-ին Պռոշյան համայնքի Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոնի (ZAYC) տարածքում բացվեց ականավոր գրող և հասարակական գործիչ Զաբել Եսայանի հուշարձանը։
‹‹Անվախ Զաբել›› հուշարձանի հեղինակ-քանդակագործ Նունե Թումանյանն իր խոսքում նշեց, որ փորձել է ամեն կերպ հանրությանը փոխանցել Զաբելի ուժն ու պայքարող տեսակն իր իսկ տպավորությամբ։
Արձանի բացման աշխատանքներին նպաստել են Զաբել Եսայանի անվան ագրոբիզնեսի կենտրոնի աջակիցներ Վիկտոր Զարուգյանը և Ջուդիթ Սարյանը,ինչպես նաև Հայ արվեստագետներ նախագիծ բարեգործական առցանց պատկերասրահը:
Սփյուռքահայ ամուսինները վերջին տարիներին նպատակ են ունեցել նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ արվեստագետներին։ Այդ նպատակով էլ մոտ մեկ տարի առաջ նրանք նվիրատվություն են կատարել Հայ արվեստագետների նախագիծ բարեգործական առցանց պատկերասրահին՝ արձանի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու համար։
Իր ոգեշնչող խոսքում Ջուդիթ Սարյանը ներկայացրեց Զաբել Եսայանի կյանքը, քաղաքական ակտիվ գործունեությունը՝ գնահատելով այն ամենը, ինչ գրողն արել է Հայաստանի և հայ ժողովրդի համար, հայտարարեց կենտրոնը Զաբելի անունով կոչելու և նրա գործունեությանը ծանոթանալու կարևորության մասին։
Արձանի բացմանը ներկա էր նաև Զաբել Եսայանի թոռը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Եսայանը։ Արձանի բացումն իրականացրեցին Ջուդիթ Սարյանը և Նունե Թումանյանը։
Հյուրերը լսեցին և կիսվեցին Զաբելի մասին ոգեշնչող ու հետաքրքիր տեղեկություններով, հնարավորություն ունեցան մասնակցելու ICARE հիմնադրամի շրջանավարտների կողմից ներկայացված գյուղատնտեսական արտադրանքների ցուցահանդեսին։
ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը իր շնորհակալական խոսքը ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց նեդրումն են ունեցել արձանի ստեղծման ու բացման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Նա խոսեց կենտրոնի բացման անհրաժեշտության ու կարևորության մասին, նշելով, որ այն դրսևորման լայն հարթակ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց գործունեությունն են ուզում սկսել ու զարգացնել գյուղատնտեսության ոլորտում։