ICARE հիմնադրամը հայտարարում է GuideMASTER՝ գինեգործության ոլորտի զբոսավարների վերապատրաստման ծրագրի երկար սպասված երրորդ փուլի մեկնարկի մասին

Ծրագիրն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի կառավարության անունից գործող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:
GuideMASTER ծրագրի նպատակն է գինու զբոսավարների մասնագիտական վերապատրաստման միջոցով բարձրացնել Հայաստանում էնոզբոսաշրջության (գինու զբոսաշրջություն) որակը և բարձրացնել Հայաստանի՝ որպես հնագույն գինեգործական երկրի միջազգային վարկանիշը:

Ծրագրի նկարագրությունը
GuideMASTER ծրագիրը ներառում է երկու հիմնական ուսումնական մոդուլներ՝ Պատմություն, Արվեստ և Մշակույթ և Խաղողագործություն և Գինեգործություն, սակայն ծրագրի կարևոր ուսումնական բաղադրիչ են կազմում նաև գինու մասնագիտացված համտեսի և սենսորային գնահատման գործնական դասերը: GuideMASTER ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն լսարանային, այլև ինտենսիվ գործնական ուսուցում, որը նախատեսում է այցելություններ Հայաստանի գինու շրջաններ, խաղողի այգիներ, պատմամշակութային վայրեր` հայկական գինու պատմությանը և մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Ծրագրի ավարտին դասընթացի մասնակիցները կկարողանան՝ Ինքնուրույն նախագծել և անցկացնել գրագետ գինու տուրեր, Զբոսաշրջիկներին և հյուրերին ծանոթացնել հայկական գինեգործական տարածաշրջանների պատմությանը, առանձնահատկություններին և գինիներին, Բարելավել գինու զբոսաշրջության ոլորտի ծառայությունների որակը, Ձեռք բերել մասնագիտական հմտություններ և գիտելիքներ:
Ծրագրով նախատեսված դասընթացներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է: Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր` տեսական և գործնական քննության արդյունքների հիման վրա:

Դասընթացի ժամկետները
GuideMASTER ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 3 ամիս (2023թ. նոյեմբեր-հունվար), շաբաթական 2-3 անգամ, ժ.18:30-21:00: Դասընթացների անցկացման վայրը՝ ICARE հիմնադրամ/EVN Գինու Ակադեմիա (ք. Երևան, Տերյան 74):

Մասնակցային վճար
GuideMASTER ծրագիրը անցկացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի համաֆինանսավորմամբ և նախատեսում է 100,000 ՀՀ դրամ մասնակցության վճար, որը մասնակի փոխհատուցելու է ծրագրի ընթացքում գինեգործարաններ և գաստրո բակեր այցելությունները և համտեսները, մեկ գիշերակացով ուսումնական այց Վայոց Ձորի մարզ, թանգարանների և պատմամշակութային վայրերի մուտքավճարները:

Դիմելու կարգը
Ծրագրին կարող են մասնակցել փորձառություն ունեցող զբոսավարները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ գինու զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև գինեգործարանների՝ գինու տուրեր իրականացնող աշխատակիցները։ Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հակիրճ մոտիվացիոն նամակը՝ sona.khojoyan@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ՝ վերնագրում նշելով ծրագրի անվանումը:
Ուշադրություն՝ առանց ինքնակենսագրականի դիմումները չեն դիտարկվելու հանձնաժողովի կողմից: Կոնտակտային անձ՝ Սոնա Խոջոյան: Միայն հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA և Vine and Wine Foundation of Armenia հետ համագործակցության շրջանակում:

Հայտերի ընդունումն արդեն սկսված է: