GuideMASTER ծրագիրը մեկնարկել է
Ուրախ ենք տեղեկացնել, որ GuideMASTER՝ գինեգործության ոլորտի զբոսավարների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունումն արդեն սկսված է:
Ծրագիրն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի կառավարության անունից գործող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
GuideMASTER ծրագրի նպատակն է գինու զբոսավարների մասնագիտական վերապատրաստման միջոցով բարելավել Հայաստանում էնոզբոսաշրջության (գինու զբոսաշրջություն) որակը և բարձրացնել Հայաստանի՝ որպես հնագույն գինեգործական երկրի միջազգային վարկանիշը:
Ծրագրի նկարագրությունը:
Ծրագիրը ներառում է չորս հիմնական բաղադրիչներ՝
– Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
– Պատմություն, Արվեստ և Մշակույթ,
– Բնություն, Աշխարհագրություն, Երկրաբանություն,
– Խաղողագործություն և Գինեգործություն:
GuideMASTER ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն լսարանային, այլև ինտենսիվ գործնական ուսուցում, որը նախատեսում է այցելություններ Հայաստանի գինու շրջաններ, խաղողի այգիներ, պատմամշակութային վայրեր` հայկական գինու պատմությանը և մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:
Ծրագրի ավարտին դասընթացի մասնակիցները կկարողանան՝
- Ինքնուրույն նախագծել և անցկացնել գրագետ գինու տուրեր,
- Զբոսաշրջիկներին և հյուրերին ծանոթացնել հայկական գինեգործական շրջանների պատմությանը, առանձնահատկություններին և գինիներին,
- Բարելավել գինու զբոսաշրջության ոլորտի ծառայությունների որակը,
- Ձեռք բերել մասնագիտական հմտություններ և գիտելիքներ:
Դասընթացի ժամկետները: GuideMASTER ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 6 ամիս (2021թ. ապրիլ-հոկտեմբեր), շաբաթական 2 անգամ, ժ.18:30-21:00: Անցկացման վայրը՝ EVN Գինու Ակադեմիա (ք. Երևան, Տերյան 74):
Դիմելու կարգը: Ծրագրին կարող են մասնակցել փորձառություն ունեցող զբոսավարները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ գինու զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև գինու արտադրության մեջ ներգրավված գործարանների այն աշխատակիցները, որոնք իրականացնում են գինու տուրեր։ Թեկնածուները պետք է ունենան առնվազն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան: Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հակիրճ մոտիվացիոն նամակը՝ info@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մարտի 15-ը՝ վերնագրում նշելով ծրագրի անվանումը: Հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Խումբը կազմված է լինելու 18-20 մասնակցից։ Ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է (հարգելի բացակաների խիստ սահմանափակումով): Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր՝ տեսական և գործնական քննության արդյունքների հիման վրա։
GuideMASTER ծրագիրը անվճար է և անցկացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի համաֆինանսավորմամբ: