Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ և ICARE հիմնադրամի կողմից իրականացված ՖՐՈւՏԵՆԻԱ նախագծի փակման արարողությունը։
Արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Իռա Փանոսյանը, ԱԶՀ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, և ՀԱԱՀ Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Տեսազանգով արարողությանը մասնակցեց նաև նախագծի փորձագետ Դավիդե Ներիին ։ ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ներկայացրեց ՖՐՈւՏԵՆԻԱ նախագծի ձեռքբերումները, որից հետո զեկույցներով հանդես եկան նախագծի շահառուներն ու փորձագետները։
Նախագծի մասին․
ՖՐՈւՏԵՆԻԱՆ Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախագիծ է, որի շրջանակում արդիականացվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ուղղվածության առարկաները, ներդրվել են դասավանդման նոր մեթոդներ, և վերապատրաստվել են համապատասխան առարկաները դասավանդող դասախոսները: Դասախոսների վերապատրաստման դասընթացներ են անցկացվել ՀԱԱՀ-ի և ՄԿՈՒ դասախոսների համար: Բացի այդ, ՀԱԱՀ-ում ստեղծվել է այգեպտղաբուծության մասնագիտական կարճաժամկետ հավաստագրման ծրագիր՝ ֆերմերների, դասախոսների և ուսանողների համար:
Ինտենսիվ պտղատու այգիների հիմնում և կառավարում» եռամսյա դասընթացի մասնակիցներից Աշխեն Սարգսյանը հաղորդակից է դարձրել է դասընթացից ստացած իր տպավորություններին։
«Դասընթացի ընթացքում իրականացված փորձաշրջանների, կազմակերպված դասախոսությունների շնորհիվ ես արդեն կարող եմ ինձ համարել բավական հմուտ ագրոնոմ: Ուրախ եմ նաև նշել, որ կարող եմ դասընթացի միջոցով ձեռք բերված գիտելիքներս փոխանցել ոլորտով հետաքրքրվողներին: Դասախոսությունները միշտ հետաքրքիր էին և ըմբռնելի, իսկ ստացված տեղեկությունները՝ կիրառելի»:
Նախագծի մյուս բաղադրիչի շրջանակում՝ կրթական նպատակներով, Ագրարային համալսարանի Ոսկեհատի տնտեսությունում հիմնվել է ինտենսիվ պտղատու այգի: Ստեղծվել է նաև այգեպտղաբուծության ոլորտում իր տեսակով առաջին էլեկտրոնային ուսուցման և տեղեկատվական www.aygi.am հարթակը՝ հայերեն լեզվով, որը հասանելի է բոլոր շահառուներին՝ ֆերմերներին, ուսանողներին, փորձագետներին, ինչպես նաև լայն հանրությանը:
ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում նաև կազմակերպվել է երիտասարդական ճամբար՝ Հայաստանում երիտասարդների շրջանում այգեպտղաբուծության կարևորության և հնարավորությունների մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով: