Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և EVN գինու ակադեմիայի ավարտական կուրսի ուսանողների դիպլոմների հանձնման արարողությունը կայացավ Զաբել Եսայանի ագրոբիզնեսի կենտրոնում: Սա արդեն երկրորդ անգամն է, որ միջոցառումը անցկացվում է այնտեղ, սակայն այս տարի միջոցառումը հատկանշական էր, քանի որ այնտեղ ներկա էին ԱՈՒԿ-ի և EVN գինու ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտները:
ՀԱԱՀ Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը շնորհավորեց շրջանավարտներին, հիշեցնելով նրանց՝ շարունակել սովորել, զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները և դրանք ծառայեցնել ի նպաստ երկրի զորացման: Նա շեշտեց նաև, որ համալսարանը միշտ սպասում է իրենց հետ վերադարձին, լինի որպես ուսանողներ, վերլուծաբաններ, թե դասախոսներ:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր խոսքում ողջունեց ուսանողներին՝ ընդգծելով նրանց նվաճումները և մեծ ցանկություն հայտնելով տեսնել Գինու ակադեմիայի շրջանավարտներին գինու շուկայում իրենց նոր ու հետաքրքիր արտադրանքներով: Նրա խոսքերը քաջալերեցին շրջանավարտներին՝ իրենց առաջիկա աշխատանքներում:
ICARE հոգաբարձուների խորհրդի նախագահ և Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքլսը և Գայզենհայմ համալսարանի պրոֆեսոր Ջոն Հաֆը տեսաուղերցով իրենց շնորհավորական խոսքը հղեցին մեր շրջանավարտներին, մաղթելով նրանց հաջողություն և նորանոր ձեռքբերումներ: Նրանց խոսքերը մեծ ոգևորություն առաջացրեցին ներկաների շրջանում և հաստատեցին, որ միջազգային համագործակցությունը և աջակցությունը մշտապես իրենց հետ են:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ԱՈՒԿ-ի Հայաստանից դուրս գտնվող շրջանավարտների շնորհավորանքներով պատրաստված տեսանյութը: Տեսանյութը մեծ ոգևորություն և հրճվանք պատճառեց ուսանողներին, ովքեր տեսան իրենց ավագ ընկերներին: Այդ պահը յուրահատուկ էր և սրտամոտ, միավորելով բոլորին՝ անկախ հեռավորությունից:
Արարողությունն ամփոփվեց դիպլոմների հանձնման և արդեն ավանդույթ դարձած ավարտական գլխարկների վեր գցման հիշարժան պահով: Ուսանողները, հյուրերը և բոլոր ներկաները հաճույքով դիտեցին այս հուզական պահը, որից հետո երեկոն շարունակվեց երաժշտության ներքո, իսկ օրը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ՝ նվիրված բոլոր շրջանավարտներին։
Այս աննկարագրելի օրն ու միջոցառումը կրկին հաստատեցին, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն ու EVN գինու ակադեմիան համախմբում են լավագույն մասնագետներին և ուսանողներին, որոնք պատրաստ են իրենց գիտելիքներով և հմտություններով նպաստել երկրի զարգացմանը և գինեգործության ոլորտի առաջընթացին։






