GuideMASTER ծրագիրը մեկնարկել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ GuideMASTER՝ գինեգործության ոլորտի զբոսավարների վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունումն արդեն սկսված է:

Ծրագիրն իրականացվում է ICARE հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի կառավարության անունից գործող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:

GuideMASTER ծրագրի նպատակն է գինու զբոսավարների մասնագիտական վերապատրաստման միջոցով բարելավել Հայաստանում էնոզբոսաշրջության (գինու զբոսաշրջություն) որակը և բարձրացնել Հայաստանի՝ որպես հնագույն գինեգործական երկրի միջազգային վարկանիշը:

Ծրագրի նկարագրությունը:

Ծրագիրը ներառում է չորս հիմնական բաղադրիչներ՝

Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
Պատմություն, Արվեստ և Մշակույթ,
Բնություն, Աշխարհագրություն, Երկրաբանություն,
Խաղողագործություն և Գինեգործություն:

GuideMASTER ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն լսարանային, այլև ինտենսիվ գործնական ուսուցում, որը նախատեսում է այցելություններ Հայաստանի գինու շրջաններ, խաղողի այգիներ, պատմամշակութային վայրեր` հայկական գինու պատմությանը և մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Ծրագրի ավարտին դասընթացի մասնակիցները կկարողանան՝

  • Ինքնուրույն նախագծել և անցկացնել գրագետ գինու տուրեր,
  • Զբոսաշրջիկներին և հյուրերին ծանոթացնել հայկական գինեգործական շրջանների պատմությանը, առանձնահատկություններին և գինիներին,
  • Բարելավել գինու զբոսաշրջության ոլորտի ծառայությունների որակը,
  • Ձեռք բերել մասնագիտական հմտություններ և գիտելիքներ:

Դասընթացի ժամկետները: GuideMASTER ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 6 ամիս (2021թ. ապրիլ-հոկտեմբեր), շաբաթական 2 անգամ, ժ.18:30-21:00: Անցկացման վայրը՝ EVN Գինու Ակադեմիա (ք. Երևան, Տերյան 74):

Դիմելու կարգը: Ծրագրին կարող են մասնակցել փորձառություն ունեցող զբոսավարները, ովքեր ցանկանում են մասնագիտանալ գինու զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև գինու արտադրության մեջ ներգրավված գործարանների այն աշխատակիցները, որոնք իրականացնում են գինու տուրեր։ Թեկնածուները պետք է ունենան առնվազն բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան: Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հակիրճ մոտիվացիոն նամակը՝ info@icare.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մարտի 15-ը՝ վերնագրում նշելով ծրագրի անվանումը: Հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Խումբը կազմված է լինելու 18-20 մասնակցից։ Ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներին լիարժեք մասնակցությունը պարտադիր է (հարգելի բացակաների խիստ սահմանափակումով): Ծրագրի ավարտին մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր՝ տեսական և գործնական քննության արդյունքների հիման վրա։

GuideMASTER ծրագիրը անվճար է և անցկացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի համաֆինանսավորմամբ:

Menu