Եվս մեկ խումբ ջերմատուն կառուցելու ճանապարհին

Վարդուշ Գյոզալյանը Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող 10-օրյա դասընթացի մասնակից է:
Վերջերս ICARE-ի հետ զրույցում պատմել է իր փորձի մասին և կիսվել տպավորություններով:
«Չնայած բոլոր մտավախություններիս՝ կապված դասընթացի առցանց իրականացվելու հետ, իմ բոլոր սպասելիքները արդարացվեցին»,-նշում է Վարդուշը:
Վարդուշն ինքն էլ դասախոս է և շատ կարևորում է դեմ առ դեմ շփումը լսարանի հետ, սակայն ըստ նրա՝ ամեն բան շատ լավ էր կազմակերպված և առանձնակի խոչընդոտ չի առաջացել դասընթացի ընթացքում:
Ընդհակառակը, իր մասնագիտությանը բնորոշ խոսքով բարձր է գնահատում ամբողջ դասընթացի ընթացքը, քանի որ դասախոսական կազմը ևս լավագույն ձևով փոխանցեցին իրենց գիտելիքները: Ասում է՝ դեռ հարցեր կառաջանան ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում, սակայն վստահ է, որ ցանկացած պահի կարող է ստանալ դասավանդող մասնագետների աջակցությունն ու խորհուրդները:
Վարդուշի խոսքով ընդհանուր դասընթացը չափազանց արդյունավետ էր և օգտակար կիրառելիության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից,  իսկ ICARE հիմնադրամը իրականացնում է ծրագրում ներառված  10-օրյա դասընթացը:  Ծրագրին դիմելու համար նախ պետք է կապ հաստատել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ և ներկայացնել դիմում, այնուհետև դիմումն ուսումնասիրելուց անմիջապես հետո ձեր տվյալները կփոխանցվեն ICARE հիմնադրամ, իսկ մենք կկապվենք ձեզ հետ դասընթացը սկսելուց անմիջապես առաջ: