To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Պտղատու և խաղողի այգիների ցրտահարությունից պաշտպանության տեխնոլոգիաներ
Ներածություն
Կլիմայի փոփոխության պայմաններում ավելի հաճախակի են արձանագրվում գարնանային ցրտահարությունները որոնք աչքի են ընկնում բարձր ինտենսիվությամբ: Այս կլիմայական բացասական դրսևորումը զգալի ռիսկեր է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության ոլորտների կայուն արտադրության և զարգացման համար։ Մասնավորապես, պտղատու արժեքավոր մշակաբույսերից ծիրանենին, դեղձենին, խնձորենին և բալենին, ինչպես նաև խաղողը, զարգացման վաղ փուլերում՝ բողբոջման, ծաղկման և պտղի սկզբնական ձևավորման ընթացքում, առավել խոցելի և զգայուն են ցրտահարությունների նկատմամբ։
Ցրտահարությունից պաշտպանության առկա մեթոդները (օրինակ՝ քամու մեքենաներ, ջրցան համակարգեր, ջեռուցիչներ) հաճախ կապված են շահագործման բարձր ծախսերի, ռեսուրսների ինտենսիվ օգտագործման, մեծ աշխատուժի պահանջի կամ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության հետ։ Միևնույն ժամանակ, միջազգային ժամանակակից փորձը ցույց է տվել ցրտահարությունից պաշտպանության ոլորտում կիրառվում են այլ մեթոդներ ևս, օրինակ՝ էլեկտրական ճառագայթային համակարգերի օգտագործման ներուժը, որոնք թիրախային ջերմությունն ուղղակիորեն փոխանցում են բույսերի հյուսվածքներին՝ մշակաբույսերի շարքերի երկայնքով տեղադրված ջեռուցման սարքերի միջոցով, այդպիսով բարձրացնելով արդյունավետությունն ու ավտոմատացման հնարավորությունները։
Այնուամենայնիվ, նման լուծումները Հայաստանի պայմաններում դեռևս մշակված, տեղայնացված, հարմարեցված կամ փորձարկված չեն։
Հրավերի նպատակը
Սույն հրավերի նպատակն է գտնել և հավաքագրել տեղական փորձագետների նորարարական գաղափարներ/լուծումներ, որոնք ուղղված են խաղողի և/կամ ինտենսիվ պտղատու այգիների համար ցրտահարությունից պաշտպանության էլեկտրական, ավտոմատացված, ճառագայթային համակարգերի մշակմանը բույսերի երիտասարդ ընձյուղների ուղղակի տաքացման միջոցով։
Ինչպես նաև առաջարկել այլ արդյունավետ և տնտեսապես կենսունակ մեթոդներ ցրտահարությունների դիմակայման առումով:
Հրավերի նպատակն է նաև գեներացնել և խթանել պտղատուների և խաղողի գարնանային ցրտահարություններից պաշտպանության համար առաջադեմ, նորարար գաղափարներ, ուսումնասիրել տեղական պայմաններին հարմարեցված տեխնոլոգիական լուծումների իրագործելիությունը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացմանը։
Ներկայացվող գաղափարների շրջանակը
Ներկայացվող գաղափարները պետք է հայեցակարգային առումով հիմնված լինեն հետևյալ ֆունկցիոնալ մոտեցման վրա․
- Էլեկտրական ճառագայթային կամ ինֆրակարմիր ջեռուցման սարքերի օգտագործում,
- Գծային կամ կիսագծային տեղադրում խաղողի այգիների շարքերում կամ պտղատու ծառերի երկայնքով (պտղատուների ինտենսիվ այգիներում),
- Մեծ օդային ծավալների տաքացման փոխարեն ապահովեն ջերմության ուղղակի փոխանցում պտղի ձևավորման գոտուն/հատվածին,
- Ապահովեն թիրախային գոտում ջերմաստիճանի մոտավոր +2°C-ից +5°C բարձրացման ներուժ՝ կախված տեղական և եղանակային պայմաններից,
- Գործեն ավտոմատացված կամ կիսաավտոմատ սկզբունքով՝ հիմնված ջերմաստիճանային շեմերի և/կամ սենսորային տվյալների վրա:
Առաջարկվող գաղափարը պարտադիր չէ, որ կրկնօրինակի որևէ գոյություն ունեցող առևտրային արտադրանք, սակայն պետք է հետևի նմանատիպ ֆիզիկական և ֆունկցիոնալ տրամաբանության։
Իրավասու դիմորդներ
Հրավերը բաց է Հայաստանում գործող անհատների, կազմակերպությունների և թիմերի համար, ներառյալ՝
- Էլեկտրական, մեխանիկական, ջերմատեխնիկական, էներգետիկ համակարգերում ներգրավված ինժեներներ,
- Հետազոտողներ և ակադեմիական անձնակազմ,
- Ագրոտեխնոլոգիաների և կլիմայական նորարարությունների մասնագետներ և փորձագետներ,
- Ստարտափներ և նորարարական թիմեր (զարգացման վաղ փուլում),
- Գործնական մասնագետներ՝ ապացուցված տեխնիկական փորձառությամբ:
Ներկայացման պահանջներ
Հետաքրքրված դիմորդները հրավիրվում են ներկայացնելու Գաղափարի հայեցակարգային նկարագիր։
Ներկայացված հայտերը պետք է կենտրոնանան առաջարկվող լուծման տեխնիկական տրամաբանության, իրագործելիության և նորարարական ներուժի վրա։
Այս փուլում ֆիզիկական նախատիպի կամ փորձնական տեղադրման ներկայացում չի պահանջվում։ Դիմորդներից ակնկալվում է ներկայացնել․
- հայեցակարգային կամ նախնական տեխնիկական նախագծում,
- մոտավոր բյուջե կամ ծախսերի գնահատում, որը բավարար կլինի նախնական իրագործելիության գնահատման համար։
Գնահատում և հետագա քայլեր
Ներկայացված գաղափարները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա՝
- տեխնիկական ամբողջականություն և իրագործելիություն,
- համապատասխանություն ցրտահարությունից պաշտպանության խնդիրներին,
- նորարարություն և հավելյալ արժեք,
- կիրառելիություն Հայաստանի պայմաններում,
- հետագա զարգացման, փորձարկման և տարածման ներուժ:
Ընտրված դիմորդները կարող են հրավիրվել՝
- իրենց հայեցակարգերն ավելի մանրամասն մշակելու,
- մասնակցելու տեխնիկական խորհրդատվությունների կամ համատեղ նախագծման աշխատաժողովների,
- ստանալու աջակցություն նախատիպի մշակման կամ դաշտային փորձարկման համար՝ հետագա ծրագրային փուլերում և ֆինանսավորման առկայության դեպքում։
Պարզաբանում
Սույն Հրավերը․
- չի հանդիսանում գնման կամ մրցութային ընթացակարգ,
- չի ենթադրում ապրանքների կամ ծառայությունների գնում,
- չի ստեղծում որևէ պայմանագրային պարտավորություն։
Հրավերը հանդիսանում է նորարարական գաղափարների որոնման և ուսումնասիրության գործընթացի մաս, որի նպատակն է բացահայտել խոստումնալից տեղական գաղափարներ, որոնք կարող են նպաստել կլիմայակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսական գործելակերպերի զարգացմանը։
Օրինակ՝ կոմնորոշման նպատակով
Որպես կողմնորոշիչ օրինակ դիմորդները կարող են դիտարկել ցրտահարությունից պաշտպանության էլեկտրական ճառագայթային համակարգերի միջազգային փորձը, մասնավորապես Frolight համակարգը (www.frolight.com), որը կիրառվում է խաղողի այգիների շարքերի երկայնքով գծային տեղադրված էլեկտրական ինֆրակարմիր ջեռուցման սարքեր՝ ցրտահարության ընթացքում բողբոջներն ու երիտասարդ ընձյուղները տաքացնելու նպատակով։
Սույն հղումը ներկայացվում է միայն գաղափարական ուղղորդման համար և չի ենթադրում որևէ առևտրային արտադրանքի կրկնօրինակում կամ կախվածություն։ Դիմորդները խրախուսվում են առաջարկել ինքնուրույն, տեղական պայմաններին հարմարեցված լուծումներ, հիմնված նմանատիպ ֆունկցիոնալ տրամաբանության վրա։
Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը
Հայտերը (Գաղափարի հայեցակարգային նկարագիր) պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 16.01.2026 թ․, ժ. 18:00։
Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 799 799:
