Մեկնարկել ենք «Համայնքների/արոտավայրերի անասնապահության կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը

Սույն թվականի հուլիսից ICARE հիմնադրամը մեկնարկել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակում ներառված վերապատրաստումները՝ «Համայնքների/արոտավայրերի անասնապահության կառավարման համակարգի հզորացում» բաղադրիչով:

Դասընթացներն իրականացվում են ՀՀ ընտրված մարզերում և համայնքներում «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվների անդամների, հաշվապահների, համայնքի ղեկավարների և վարչական ներկայացուցիչների համար, որոնք նպատակ ունեն հզորացնելու կոոպերատիվի գործունեությունը մի քանի ուղղություններով՝ ներառյալ բնական ռեսուրսների կառավարման, հաշվապահական հաշվառման, սոցիալական և այլ խնդիրների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է շահառու ութ մարզերում (Արագածոտն, Լոռի, Կոտայք, Վայոց Ձոր, Սյունիք, Տավուշ և Շիրակ)՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները: Մասնավորապես՝ նախատեսվում է մարզային մակարդակի ուսուցումներ անցկացնել 61 կոոպերատիվների շուրջ 550 անդամի համար, իսկ համայնքային այցերում կներգրավվեն 79  կոոպերատիվների շուրջ 2,120 անդամ, որից շուրջ 630 կին:

Ծրագիրը շեշտադրում է նաև կանանց ներգրավվածությունը և ռեսուրսների հասանելիությունը հատկապես տեղեկատավության և կրթության տեսանկյունից: Մարզային մակարդակի դասընթացններին նախատեսվում է ներգրավել կոոպերատիվների շուրջ 160 կին անդամների:

«Եռօրյա ընդգրկուն դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին ավելի արդյունավետ մեխանիզմներ կիրառել կոոպերատիվների կառավարման համար, որը շահավետ կլինի ոչ միայն տնտեսական, այլն նաև շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից։ Ուսուցանվող առարկաները թեպետ բազմազան, սակայն միմյանց փոխկապակցված և փոխլրացնող են, որն էլ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ավելի համապարփակ գիտելիքներ ձեռք բերել կոոպերատիվները ավելի հզորացնելու համար»,- նշում է ծրագրի ղեկավար Դավիթ Իսկանդարյանը:

Ծրագրի տեսլականներից է բարելավվել անասնապահությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը՝ շնորհիվ քանակապես ընդլայնված և բարձրարժեք անասնաբուծական մթերքների:

Menu