Հրաչյա Հայրապետյանի հաջողության պատմությունը որպես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ

Հրաչյա Հայրապետյանի հաջողության պատմությունը որպես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտ
1.Ինչո՞ւ որոշեցիք ընդունվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն։
Ես վաղ տարիքից մշտապես հետաքրքրվել եմ գյուղատնտեսության ոլորտով և քանի որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կրթություն տվող հաստատություններից մեկը ՀԱԱՀ-ն էր, ես սկսեցի հետաքրքրվել այդ ուսումնական հաստատությամբ և այդ ընթացքում բացահայտեցի նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը, տեղեկացա որ այստեղ կիրառվում են ուսուցման արևմտյան կրթական մեթոդներ, դասապրոցեսն անցկացվում է անգլերեն լեզվով, դասավանդում են ինչպես տեղացի այնպես էլ արտերկրից ժամանած որակյալ մասնագետներ և այս ամենն անչափ դուր եկավ և հետաքրքրեց ինձ։ Այսպիսով, ես որոշեցի ուսումս սկսել ՀԱԱՀ-ում և 3-րդ կուրսից շարունակել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում։
2. Կկիսվե՞ք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ունեցած Ձեր փորձով, ինչպե՞ս են անցել համալսարանական տարիներն այստեղ:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում սովորելը սկզբում փոքր-ինչ շոկային էր դրական առումով, քանի որ այստեղ ուսուցումն իրականացվում էր այլ մեթոդներով և կրթական գործիքներով. այստեղ դասապրոցեսը շատ ինտերակտիվ է անցնում, ուսանողներն առանց կաշկանդվելու կարող են հարցեր տալ և քննարկել իրենց հետաքրքրող թեմաները դասախոսի հետ։ Բացի այդ կրթությունն այստեղ շատ պրակտիկ է. մենք տարբեր արտադրական փորձաշրջանների էինք մասնակցում, մեզ հնարավորություն տրվեց անգամ Վրաստանում անցնելու փորձաշրջան, ինչը մեզ համար շատ ոգևորիչ էր, քանի որ այստեղ կարողացանք ծանոթանալ աշխատանքային նոր գործիքների, միջավայրի հետ և փորձի փոխանակում իրականացնել։ Վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ շատ բուռն և հետաքրքիր ուսումնական պրոցես է ընթանում:
3. Ըստ Ձեզ ո՞րն է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում սովորելու ամենակարևոր առավելությունը:
Այստեղ կրթություն ստանալու ամենամեծ դրական կողմն ինձ համար կրթական ծրագրի անգլիալեզու լինելն է։ Ներկայումս մասնագիտական առավել պրակտիկ, կիրառելի գրականություն կարելի է գտնել հիմնականում ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, այսպիսով, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում մասնագիտական առարկաներն անգլերեն լեզվով ուսումնասիրելը մեզ հնարավորություն է տալիս և համալսարանական տարիներին և ավարտելուց հետո հեշտությամբ ուսումնասիրել անգլիալեզու մասնագիտական գրականություն և ինքնակրթվել: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում կառանձնացնեի նաև այն, որ այստեղ ուսանողները ստանում են ավելի պրակտիկ գիտելիքներ, որը հատկապես նշմարվում է աշխատաշուկա մուտք գործելիս։
4. Ինչո՞վ է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն առանձնանում այլ կրթական հաստատություններից։
Ըստ իս Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը տարբերվում է մյուս ուսումնական հաստատություններից երկու հիմնական հատկանիշներով. նախ այստեղ ուսանողին հնարավորություն է տրվում ստեղծելու և զարգացնելու կապեր (networking), որոնք և համալսարանական տարիներին և համալսարանն ավարտելուց հետո մշտապես օգնում են տարբեր հարցերում։ Ես ինքս Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն ավարտել եմ 2020-ին և մինչ այժմ ամուր կապեր ունեմ դասախոսներիս և կուրսընկերներիս հետ և շատ դեպքերում նաև աշխատանքիս բնույթով պայմանավորված նրանց հետ ունեցած կապն ինձ շատ է օգնում տարբեր հարցերում։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն ուսանողներին սովորեցնում է լինել ավելի լայնախոհ և իրերին ավելի լայն նայել, մտածել քառակուսիներից դուրս:
5. Ո՞րն է Ձեր խորհուրդը ԱՈՒԿ-ի ուսանողներին և ապագա դիմորդներին:
Ներկայիս ուսանողներին կասեի, որ իրենք շատ ճիշտ ընտրություն են կատարել՝ իրենց կրթությունն այստեղ շարունակելով, իսկ ապագա դիմորդներին խորհուրդ կտայի կրթություն ստանալ այստեղ, քանի որ այստեղ ուսանողները ստանում են որակյալ և հեռանկարային կրթություն։ Խորհուրդ կտայի նաև ակադեմիական կրթությանը զուգահեռ անընդմեջ զբաղվել ինքնակրթությամբ, ինչպես նաև հարցուպատասխանի և քննարկումների մեջ մտնել դասախոսների հետ։
6. Ինչպե՞ս է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնն օգնել Ձեզ հասնելու հաջողությունների։
Ինչպես արդեն նշեցի ուսանողն այստեղ ստանում է լայն աշխարհայացք, դառնում է ավելի նպատակասլաց, որն օգնում է կողմնորոշվել և հասկանալ, թե որ ուղղություններն են ուսանողին առավել հոգեհարազատ և հետաքրքիր, քանի որ ուսուցումն այստեղ այնպես է կազմակերպվում, որ ուսանողն ինքնաբերաբար հասկանում է, թե որ ուղղվածությամբ է ցանկանում շարունակել կրթությունը կամ գտնել աշխատանք: Կարծում եմ նաև այդ պատճառով է, որ համալսարանն ավարտելուց հետո անմիջապես կարողացա գտնել աշխատանք բիզնես խորհրդատվական ընկերությունում:
7. Կնշե՞ք թե ինչպես է համալսարանական տարիների արտադրական փորձաշրջանը Ձեզ օգնել աշխատանք գտնելու և կարիերան զարգացնելու հարցում։
Բակալավրում սովորելու տարիներին ես աշխատանքային փորձ դեռևս չունեի և այդ ընթացքում ցանկանում էի աշխատել պետական մարմիններում, այդ պատճառով էլ արտադրական պրակտիկա անցա Գյուղատնտեսության նախարարությունում և փորձաշրջանի ընթացքում, անկեղծորեն, կարող եմ նշել, որ կարողացա նոր գիտելիքներ ստանալ և զարգացնել շատ հմտություններ, և քանի որ փորձաշրջանն անցնում էի Գյուղատնտեսական ծրագրերի վարչությունում նաև այդ պատճառով է, որ կարողացա ընտրել իմ հետագա մասնագիտական ուղղվածությունը` բիզնես խորհրդատվությունը։
8. Ի՞նչ կարծիք ունեք ագրոբիզնեսի մասին Հայաստանում, ի՞նչ մարտահրավերներ կան այտեղ։
Գյուղատնտեսությունն առհասարակ համարվում է գերակա ուղղություն Հայաստանում, ինչ վերաբերում է ագրոբիզնեսին, ապա նշեմ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված վիճակագրությունը ցույց է տալիս, թե ինչ տեմպերով է աճում մարդկանց հետաքրքրվածությունը ագրոբիզնեսի և առհասարակ ոլորտի նկատմամբ, հատկապես, մեծ է հետաքրքրությունը նորարարական գյուղատնտեսության նկատմամբ, օրինակ` ինտենսիվ պտղատու այգիներ, ջերմատներ, խելացի անասնագոմեր և այլն և այս բոլոր ուղղություններով մարդիկ սկսել են ավելի շատ հետաքրքրվել և հասկանալ դրանց առավելություններն ավանդական գյուղատնտեսության նկատմամբ։ Տարիներ առաջ պատկերն այլ էր, և մարդիկ չէին համարձակվում կապիտալ մեծ ծախսեր անել և ռիսկային էին համարում նորարական գյուղատնտեսության ոլորտ անցում կատարելը։ Այժմ աշխատանքիս բնույթով պայմանավորված ես ինքս նկատում եմ, թե գյուղատնտեսական ծրագրերի ինչ ներհոսք է տեղի ունենում և որպես ոլորտում որոշակի գործունեություն ծավալով անձ կարող եմ հավաստել, որ ագրարային ոլորտը շատ ակտիվ է մեր երկրում։
9. Ըստ Ձեզ որքանո՞վ է գյուղատնտեսության ոլորտում աշխատանք գտնելը հեռանկարային։
Նշեմ, որ գյուղատնտեսության ոլորտը բավականին շահութաբեր է համարվում։ Բացի այդ աժմ գյուղատնտեսական ինովացիոն ծրագրերում նորարարություններն այնքան շատ են, որ դժվար է գտնել մեկ այլ ոլորտ որն այդ արագությամբ է աճում հատկապես իր տեխնոլոգիական մասով։ Նշեմ, նաեւ որ այս ոլորտում մասնագետների մեծ պահանջարկ կա:
Menu