ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

To read the announcement in English, click here 👉 ANNOUNCEMENT_ENG

Նախագծի անվանումը՝ Հավելյալ արժեքի ստեղծում մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման համար

 «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) անունից, որը գործում է ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ներքո: Ծրագիրը նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարարության (AA) պատասխանատվությունն է:

PROGRESS ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ:

PROGRESS ծրագրի աջակցությամբ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից իրականացվող «Կլիմայախելամիտ գործելակերպերի ցուցադրում Հայաստանի այգեգործության ոլորտում» նախագիծը աջակցում է Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի արտադրության արժեշղթաներում կայուն, և կլիմայի տեսանկյունից դիմակայուն լուծումների խթանմանը:

Նպատակն ու ակնկալվող արդյունքները

Ցուցադրական նախագծերի առաջարկների մշակման և ներկայացման սույն հրավերի նպատակը գործնական, նորարարական և մասշտաբավորվող նախաձեռնությունների բացահայտումն ու աջակցությունն է, որոնք ներկայացնում են կայուն, շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու, ռեսուրսարդյունավետ և կլիմակայուն լուծումներ՝ ուղղված մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացմանը։ Նախագծերը պետք է միտված լինեն ագրոբիզնեսների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը՝ սարքավորումների, համակարգերի և մարկետինգային աջակցության գործիքների ներդրման ու կիրառման միջոցով՝ ուղղված հետբերքահավաքային տեխնոլոգիաների և ագրովերամշակման զարգացմանը, մթերման և պահպանման կենտրոնների հզորացմանը և շուկաների հասանելիության ընդլայնմանը։

Առաջարկվող նախագծերը պետք է նպատակ ունենան՝

  • Ներդնել առաջադեմ մոտեցումներ և լուծումներ՝ հատապտուղների և այլ արագ փչացող մրգերի որակի և պահպանման ժամկետի բարելավման համար՝ գյուղատնտեսական արտադրության և սննդի կորուստների նվազեցման նպատակով։
  • Աջակցել կենտրոնացված ենթակառուցվածքների ստեղծմանը կամ զարգացմանը, որոնք հնարավորություն կտան արդյունավետ կերպով իրականացնել մրգերի և հատապտուղների մթերում, տեսակավորում և պահեստավորում՝ խթանելով ռեսուրսարդյունավետ և կայուն գործելակերպերի կիրառումը։
  • Ամրապնդել ոլորտի շահակիցների միջև կապերն ու համագործակցությունը, ներառյալ ագրոբիզնեսները, ներդրանքի մատակարարները և ֆերմերները։

Աջակցել մարկետինգային ռազմավարությունների իրականացմանը, որոնք կօգնեն ագրոբիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ և կամրապնդեն Հայաստանի մրցունակությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։

Առաջարկը պետք է հստակ ներկայացնի, թե ինչպես է նախագիծը կապ ստեղծելու մրգերի և հատապտուղների արտադրողների (ֆերմերների), ագրոբիզնեսների և շուկայահանման հնարավորությունների միջև։

Բացի հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնություններից, ակնկալվում է, որ ցուցադրական նախագծերը կգործեն նաև որպես ուսուցման և փորձի փոխանակման հարթակներ մրգերի և հատապտուղների արտադրության, վերամշակման և հետբերքահավաքային գործընթացներում ներգրավված արտադրողների և ֆերմերների համար։ Ընտրված շահառուները պետք է՝

  • Կիսվեն նախագծի իրականացման ընթացքում ձեռք բերված գիտելիքներով և փորձով այլ ագրոբիզնեսների և ֆերմերների հետ, այդ թվում՝ մշակելով և տարածելով տվյալ թեմայի վերաբերյալ համառոտ գործնական ուղեցույց։
  • Կազմակերպեն ուսուցողական հանդիպումներ կամ այցեր՝ ներկայացնելով կիրառվող լուծումները և արդյունքները։

Ակնկալվող արդյունքներ

  • Մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման համար ռեսուրսարդյունավետ և կայուն, հավելյալ արժեք ստեղծող լուծումների ներդրում,
  • Մրգի և հատապտղի հետբերքահավաքային մշակմամբ և վերամշակմամբ զբաղվող տեղական ագրոբիզնեսների կարողությունների ամրապնդում և զարգացում,
  • Ցուցադրական և ուսուցողական հարթակների ձևավորում, որոնք ակտիվորեն կկիսվեն գիտելիքներով այլ շահագրգիռ կողմերի հետ (օր.՝ ընկերություններ, մասնագետներ, ֆերմերներ),
  • Մրգեր և հատապտուղներ արտադրողների, վերամշակողների և ոլորտի մասնագետների իրազեկվածության բարձրացում և տեխնիկական կարողությունների զարգացում։

Համապատասխանության չափանիշներ

Իրավասու դիմորդներն են ՀՀ-ում գրանցված այն բիզնեսները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ), սոցիալական ձեռնարկությունները, գյուղատնտեսական կոոպերատիվները և կոնսորցիումները, որոնք զբաղվում են մրգերի ու հատապտուղների հետբերքահավաքային մշակման և վերամշակման հետ կապված գործունեությամբ։

Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.

1. Լինել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություն:
2. Ունենալ առնվազն 3 տարվա հաստատված փորձ մրգերի և հատապտուղների մթերման, պահեստավորման և վերամշակման ոլորտում։ Արտահանման փորձը և սննդի արտադրության և վերամշակմանն ուղղված միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը կդիտվեն որպես առավելություն։
3. Իրականացնել գործունեություն, որը ներառում է սերտ համագործակցություն ֆերմերների հետ (օրինակ՝ պայմանագրային գյուղատնտեսություն):
4. Ունենալ մրգերի և հատապտուղների հետբերքահավաքային մշակման ոլորտում բարելավված լուծումների կամ տեխնոլոգիաների ներդրման փորձ:
5. Ցուցաբերել պատրաստակամություն կամ հանձնառություն ստանալու համապատասխան որակի, անվտանգության կամ կայունության հավաստագրեր (օր.՝ GlobalG.A.P., օրգանական հավաստագրում, սննդի անվտանգության ստանդարտներ կամ այլ միջազգային ճանաչում ունեցող սխեմաներ), որոնք կարող են նպաստել արտահանման շուկաներ մուտքի ընդլայնմանը։
6. Ապահովել առնվազն 30% համաֆինանսավորում (կանխիկ և/կամ ոչ դրամական ներդրումների տեսքով):
7. Ցուցաբերել պատրաստակամություն հանդես գալու որպես ցուցադրական և ուսուցման հարթակ՝ կիսվելով ստացված գիտելիքներով և արդյունքներով այլ ագրոբիզնեսների, մասնագետների և ֆերմերների հետ՝ կազմակերպելով բաց դռների օրեր կամ կարողությունների զարգացման միջոցառումներ։ Մասնավորապես, դիմորդները պետք է կազմակերպեն առնվազն 4 բաց դռների օր, որոնք կներառեն ներդրված տեխնոլոգիաների գործնական ցուցադրություն և կարճ դասընթացներ բերքահավաքի և հետբերքահավաքային մշակման գործելակերպերի վերաբերյալ՝ ապահովելով առնվազն 80 ֆերմերների/մասնագետների/ագրոբիզնեսների (առնվազն 30-ը կանայք)մասնակցություն:


Առաջնահերթ ուղղություններ

Առաջարկները պետք է ուղղված լինեն մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացման հետևյալ առաջնահերթ ուղղություններից մեկին կամ մի քանիսին՝

  • Հետբերքահավաքային մշակման և վերամշակման ենթակառուցվածքների բարելավում՝ արժեշղթայի զարգացման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրման և ձեռքբերման միջոցով։
  • Մթերման կենտրոնների կարողությունների հզորացում՝ մրգերի և հատապտուղների ավելի արդյունավետ մթերում, տեսակավորում և պահեստավորում ապահովելու նպատակով,
  • Մարկետինգային աջակցություն և շուկայի զարգացմանն ուղղված գործողություններ՝ արտադրության ծավալների մեծացման և շուկաների հասանելիության ընդլայնման նպատակով։ Արտահանման ընդլայնումը կդիտվի որպես առավելություն։

 Նախագծի տևողությունը և ֆինանսավորումը

Նախագիծը պետք է իրականացվի առավելագույնը 18 ամիսների ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ, քան 2027 թվականի նոյեմբեր ամիսը։

Յուրաքանչյուր դիմորդ պարտավոր է ապահովել առնվազն 30% համաֆինանսավորման ներդրում (կանխիկ և/կամ ոչ դրամական ձևով)՝ որպես նախագծի ընդհանուր բյուջեի մաս։

Առաջարկվող ներդրումները և սարքավորումները պետք է հստակ կապված լինեն նախագծի նպատակների հետ և նպաստեն ֆերմերների, ագրոբիզնեսների և պտղի ու հատապտղի արժեշղթայի ընդհանուր զարգացմանը։ Դիմորդները պետք է ապահովեն, որ ձեռք բերված բոլոր սարքավորումները և ենթակառուցվածքները օգտագործվեն ցուցադրական և ուսուցողական նպատակներով։

Գնահատում և ընտրության չափանիշներ 

 Նախագծերը կգնահատվեն հետևյալ կշռված չափանիշներով․

# Չափանիշներ Գնահատման նկարագրություն Գնահատման միջակայք Կշիռ (%)
1 Հիմնական թեմային համապատասխանություն Գնահատել նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղությանը (օր.՝ մրգերի և հատապտուղների արժեքային շղթայի զարգացում, հետբերքահավաքային տեխնոլոգիաների բարելավում, հավաքագրման և պահեստավորման արդյունավետության բարձրացում, շուկայի հասանելիության ընդլայնում, կլիմայակայուն և ռեսուրսախնայող լուծումների ներդրում)։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
2 Նորարարություն և ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառում Գնահատել առաջարկվող տեխնոլոգիաների նորարարականությունը։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 4%
3 Գիտելիքի փոխանակման և ցուցադրական ներուժ Գնահատել դիմորդի կարողությունները գիտելիքի փոխանակման ու ցուցադրական միջոցառումների իրականացման հարցում 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) 8%
4 Շահառուների ընդգրկում Գնահատել, արդյոք ներկայացված տվյալներն իրատեսական են և ներառում են ուղղակի և անուղղակի շահառուների 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 8%
5 Կիրառելիության պոտենցիալը ՀՀ տարբեր մարզերում Գնահատել նախագծի մասշտաբավորման կամ այլ մարզերում կիրառման հնարավորությունը 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
6 Բարենպաստ միջավայր Գնահատել, թե որքան արդյունավետ կերպով է միջավայրը (քաղաքականությունները, ենթակառուցվածքները, աջակից կառույցները, մատակարարման ուղիները և մարդկային ռեսուրսները) աջակցում նախագծին 1–10 (1՝ թույլ, 10՝ ուժեղ) 10%
7 Շրջակա միջավայրի կայունություն և կլիմայի հարմարվողականություն Գնահատել նախագծի ներուժը՝ շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի հարմարավողականությանը, շրջանաձև տնտեսությանը և ռեսուրսարդյունավետությանը նպաստելու տեսանկյունից 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 12%
8 Գենդերային ցուցանիշներ Գնահատել, թե որքանով է նախագիծը խթանում կանանց ներառականությունը և հավասար հնարավորությունները։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 4%
9 Տնտեսական արդյունավետություն Գնահատել ներկայացվող լուծման ֆինանսական արդյունավետությունը, ներառյալ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ներդրումների վերադարձ, շուկաներ, արտահանման հնարավորություններ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 15%
10 Կայունություն Գնահատել հավանականությունը, որ նախագիծը ֆինանսավորման նախնական փուլի ավարտից հետո կշարունակի գործել, կմնա շահութաբեր և ֆինանսապես կենսունակ։ 1–10 (1՝ ցածր, 10՝ բարձր) 15%

Նախագիծը կարող է ֆինանսավորվել միայն նախնական ընտրված դիմորդների «Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում» իրականացնելուց հետո՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։

Պահանջվող սարքավորումները և/կամ տեխնոլոգիական լուծումները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգավորող շրջանակին (օրինակ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմանը, ինչպես նաև Մոնրեալի արձանագրության A, B, C և E հավելվածներին)։

 Հայտադիմումի փաթեթ (հղում)

 Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  1. Հայտադիմում (Հավելված 1)
  2. Մանրամասն բյուջե (Հավելված 2)
  3. Հայտարարություն (Հավելված 3)
  4. Դիմորդի պետական գրանցման վկայական
  5. Տեխնոլոգիական կառավարման համար պատասխանատու անձի ինքնակենսագրությունը (CV) (ոչ պարտադիր)
  6. Շահագործվող արտադրական հզորությունների առկայության ապացույցներ (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր և այլն)
  7. Նկարներ, հավաստագրեր և այլ փաստաթղթեր

Առցանց տեղեկատվական հանդիպում

Դիմումների պատրաստումից և ներկայացումից առաջ բոլոր շահագրգիռ կողմերը հրավիրվում են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպմանը, որը նվիրված է մրգերի և հատապտուղների արժեշղթաների զարգացմանն ուղղված հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնություններին

Հանդիպման ընթացքում կներկայացվի տեղեկատվություն մասնակցության չափանիշների, դիմելու ընթացակարգի, համաֆինանսավորման պահանջների, ֆերմերների և ագրոբիզնեսների համար ակնկալվող օգուտների, ինչպես նաև նախաձեռնության այլ մանրամասների վերաբերյալ։

Ամսաթիվ` 16.03.2026թ
Ժամ` 11:00

Ձևաչափ` առցանց (Zoom հարթակ)

Առցանց հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

https://us06web.zoom.us/j/82976988330?pwd=7pI0oSs8psrQLxVbDFTBKERVlnGk0a.1

Meeting ID: 829 7698 8330

Passcode: 890418


Հայտադիմումի ներկայացման ձևը և վերջնաժամկետը

  • Հայտերը պետք է ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ info@icare.am։
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 20.03.2026 թ, ժ. 14:00։
  • Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 43 799 799: