ICARE Հիմնադրամի ամենամյա ‹‹Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում›› դասընթացը այս անգամ էլ հաջողությամբ ավարտեցին մի խումբ շրջանավարտներ։
ICARE Հիմնադրամի ամենամյա ‹‹Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում›› դասընթացը այս անգամ էլ հաջողությամբ ավարտեցին մի խումբ շրջանավարտներ։
Դասընթացի նպատակն է պատրաստել (վերապատրաստել) փակ գրունտում մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջներին բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսների։
Ծրագիրը կոչված է պատրաստելու ժամանակակից ջերմատնային կառույցների, այս տեսակի ջերմատներում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաների, արտադրության մեջ կիրառվող ռեսուրսների և նյութերի, ջերմոցային միկրոկլիմայի կառավարման համակարգերի, բույսերի ֆիզիոլոգիայի և բույսերի պաշտպանության լավ գիտելիքների տիրապետող մասնագետների:
Այս տարվա շրջանավարտներից Հերմինեն հաղորդակից է դարձրել դասընթացից ստացած իր տպավորություններին․
‹‹ Այս դասընթացը ինձ տվել է գիտելիքների ամրապնդում,աշխատանքիս մեջ ինքնավստահություն,աշխատանքային ու տեղեկատվական փորձի փոխանակում, ինչու չէ՝ դասընթացի շնորհիվ նաև ձեռք եմ բերել նոր ու լավ ընկերներ։ Շնորհակալ եմ դասախոսներին իրենց գործնական գիտելիքները մեզ փոխանցելու համար››։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ստանում են հիմնարար գիտելիքներ ջերմատների կառուցման և ջերմատնային համակարգերի կառավարման, հիդրոպոնիկ և գրունտային ջերմատների շահագործման, տարբեր մշակաբույսերի մշակման տեխնոլոգիաների, ջերմատնային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի, կենսաբանական պայքարի միջոցառումների և ջերմատան բիզնես կառավարման վերաբերյալ։ Բացի լսարանային դասերից, մասնակիցներն ունենում են նաև ուսումնական այցեր Հայաստանի մարզերում գործող տարբեր ջերմատներ, որոնցից են Մաստարայի լոլիկի հիդրոպոնիկ ջերմատունը, Ոսկեհատի ելակի հիդրոպոնիկ ջերմատունը, Գագարինի վարդի ջերմատունը, Զվարթնոցի բարձրարժեք մշակաբույսերի ջերմատունը և Սպայկայի ջերմատները։
Գոռ Բաղրամյանը ևս պատմել է իր տպավորությունների մասին․
‹‹ Ծրագրին մասնակցել եմ մասնագիտական գիտելիքներս խորացնելու, փորձի փոխանակման, ինչպես նաև ջերմատնային ոլորտում նոր մարդկանց ճանաչելու համար։ Դասերից սովորել եմ արտադրական գործընթացում խնդիրներին ստույգ ու ճիշտ ժամանակին լուծումներ տալ։ Բավականին լավ ընթացավ դասընթացը, ուրախ եմ, որ այսպիսի ծրագրերով մեզ հնարավորություն է տրվում ոլորտում էլ ավելի մասնագիտանալ››։
Դասընթացը իրականացվում է արդեն 6-րդ տարին, առ այսօր դասընթացին մասնակցել է ավելի քան 100 հոգի, որոնց մեծամասնությունը կամ հիմնել է սեփական ջերմատունը կամ հաջողությամբ աշխատում է ՀՀ խոշոր և միջին ջերմատներում որպես ագրոնոմ։