Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և   գնահատման կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում «Կաթիլային և անձրևային ոռոգման նորմերի սահմանում»  

Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և   գնահատման կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում «Կաթիլային և անձրևային ոռոգման նորմերի սահմանում»

 02.2022-06.2022

Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության <<Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման>> ծրագրի շրջանակներում ICARE Հիմնադրամի կողմից իրականացվել և մշակվել են կաթիլային և անձրեւացման ոռոգման նորմեր։ Ծրագիրն ուղղված էր Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղատնտեսական գոտիների պայմաններում մշակել կաթիլային և անձրևացման ոռոգման նորմերը: Ծրագրի շրջանակներում բացահայտվել են կլիմայական տարբեր գործոնների  վերջին 30 տարիներին դիտարկված եղանակային պայմանների փոփոխությունները։

Տվյալների հավաքագրման և նախապատրաստման տվյալ փուլին զուգահեռ կատարվել է գյուղատնտեսական գոտիների (ոռոգման գոտիների) քարտեզագրում։

Այդ տվյալները ենթարկել են վիճակագրական մշակման այն տեսանկունից, որպեսզի հնարավոր լինի բացահայտելու մթնոլորտային տեղումների 50%, 75% և 95% ապահովվածության տարիները։ Ստացված տեսական և էմպիրիկ ապահովվածության կորերը հնարավորություն են տվել ընտրելու հաշվարկային ապահովվածության տարիները և դրանց կլիմայական ցուցանիշներն ընդունել որպես հաշվարկային ելակետային մեծություն։ Հիմք ընդունելով հաշվարկային տարվա կլիմայական ցուցանիշները՝ FAO-56 մեթոդով, CROPWAT ծրագրային հավելվածի օգնությամբ հաշվարկվել է առավելագույն էվապոտրանսպիրացիաները (գումարային գոլորշիացում) 50%, 75% և 95% ապահովվածության տարիների համար։

Ըստ ոռոգման գոտիների ճշգրտվել են այն մշակաբույսերը, որոնք ոռոգվելու են կաթիլային և անձրևացման եղանակով։Ուսումնասիրվել են այդ մշակա­բույսերի զարգացման փուլերը, տևողությունները, վեգետացիայի սկիզբը և վերջը և այդ ժամանակահատվածների համար հաշվարկվել են մշակաբույսերի ջրի պահանջը կաթիլային և անձրևացման տեխնոլոգիայով ոռոգման պարագայում։

Հիմք ընդունելով FAO-ի կողմից հաստատված ընտրված մշակաբույսերի կազմը և օգտվելով մշակաբույսերի գործակիցների արժեքներից, որոշվել են մշակաբույսերի կողմից առավելագույն գումարային ջրասպառման արժեքները։

Նկատի ունենալով հանրապետության գյուղատնտեսական գոտիների տեղագրական առանձնահատ­կու­թյունները, մշակաբույսերի գումարային ջրասպառման մեծության ճշգրտման համար կիրառվել են ճշգրտման գործակիցներ՝ կախված տեղան­քի բարձրությունից և ջրման տեխնոլոգիայի առանձնահատկություններից։ Անձրևացման ոռոգման նորմերի սահմանման համար հաշվարկվել են լրացուցիչ գոլորշիացման արժեքները, սակայն հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անձրևացման դեպքում միկրոկլիմայի էական փոփոխության պարագայում հաշվարկային էվապոտրանսպիրացիան նվազում է։

Մշակաբույսերի ոռոգման նորմերի ճշգրտման համար հիմք են հանդիսացել ոռոգման գոտիներում տեղաբաշխված հողատիպերի ջրաֆիզիկական հատկությունները։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական գոտիները քարտեզագրվել են ArcGIS միջավայրում, որի արդյունքում ստացվել է այդ գոտիների տեղաբաշխման թվային քարտեզը: Քարտեզագրված գյուղատնտեսական գոտիները համադրվել են ՀՀ հիդրոօդերևութաբանական կայանների տեղաբաշխման հետ։

  • Կաթիլային և անձրևացման ոռոգման մշակված նորմերը 50, 75, 95% ապահովվածությունների համար կարելի է կիրառել հանրապետության տարբեր գյուղատնտեսական գոտիներում այս տեխնոլոգիայի ներդրման, նախագծերի մշակման և շահագործման տարաբնույթ խնդիրները լուծելու համար։
  • Կաթիլային և անձրևացման մշակված նորմերը վերաբերում են միջին խոնավապահովվածության (50%), չորային տարիների (75%) և խիստ սակավջրության (95%) պայմաններին: Սակայն հաշվի առնելով տեղագրական, ռելիեֆային, հողածածկի և ագրոկլիմայական պայմանների տեղային առանձնահատկությունները, այս նորմերը կարող են շեղվել սահմանված արժեքից՝ 20-30%  սահմաններում։
  • Ֆերմերային տնտեսություններում, ներդրումային տարբեր ծրագրերի ընդլայնման համար, մշակվել է թվային ալգորիթմ՝ Excel հավելվածի տեսքով, որի մեջ մուտքագրելով ելակետային տվյալներ՝ կարող ենք ստանալ կաթիլային կամ անձրևացման ոռոգման նորմերը ցանկացած պայմանների փոփոխության դեպքում։
  • Հետագա ուսումնասիրություները այս ոլորտում պետք է շարունակել՝ ուշադրություն դարձնելով մշակաբույսերի գործակիցների փոփոխման օրինաչափություններին, կախված հողերի աղակալման, ագրոտեխնիկական կանոնների խախտման, տարբեր պատճառներով ջրային սթրեսների առաջացման, մշակաբույսերի սորտային առանձնահատկությունների ազդեցության նկատառումներից ելնելով։
  • Առաջարկվող մեթոդիկան և հատկապես վերջին երեսուն տարիների տվյալները թույլ կտան նաև ճշգրտելու մակերեսային ոռոգման նորմերը, քանի որ դրանց սահմանման համար օգտագործված կլիմայական ցուցանիշները ունեն բավականին մեծ վաղեմություն։

Ծրագրի շրջանակներում կաթիլային և անձրևացման նորմերը տպագրվել են ձեռնարկներում, իսկ ստացված քարտեզները՝ ատլասի տեսքով։ Ինչպես նաև, ամբողջ նյութերը հասանելի կլինեն նախարարության և ICARE հիմնադրամի կայքերում։