Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրությունը.

Հունիսի 14-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի գեղատեսիլ Աղնջաձոր բնակավայրում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ կազմակերպվել էր անօդաչու թռչող սարքով արոտավայրերի օրգանական պարարտացման նորարարական մեթոդի ցուցադրություն: Մեթոդի նպատակն է բարելավել դեգրադացված արոտավայրերը՝ օգտագործելով արտարմատային պարարտացում:

Գործողությունն իրականացվել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից «Գյուղատնտեսական հողատեսքերի և բնական կերհանդակների բարելավում՝ նպաստելով պարենային անվտանգությանը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում» միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակում:
Դաշտային այցելությանը հաջորդել է կլոր սեղան քննարկում, որի ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվել են միջոցառման ձեռքբերումներն ու հիմնական արդյունքները:

Ռազմիկ Մարգարյանը, ով ծրագրի շահառուներից է հաղորդակից է դարձրել ծրագրից ստացած իր տպավորություններին։

«Ծրագրի օգնությամբ մենք հնարավորություն ստացանք մշակել մեր վարելահողերը ու տրամադրված որակյալ սերմերի միջոցով արդեն ունենք լավ տնտեսություն ու կարող ենք անասնակեր արտադրել, սերմեր արտադրել, եկամուտ ունենալ մեր ընտանիքների համար: Բացի տեսական գիտելիքներից ու դասընթացների մասնակցությունից, մասնագետների հետ ակտիվ աշխատանքներ ենք կատարել ու մեր հողամասերում ստացել ենք նրանց խորհուրդները»։

Ընդհանուր միջոցառման ընթացքում Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքներում բարելավել են 542 հա տարիներ շարունակ չմշակված վարելահողեր, 100 հա արոտավայրեր: 352 շահառու ուղղակիորեն օգտվել է աջակցությունից: