Ագրոտեխնոլոգիական նոր շունչը

Շատերը կհիշեն, որ երկու տարի առաջ «Բարձրակարգ ագրոնոմների վերապատրաստման նպատակով ուսումնափորձարարական ջերմատան վերակառուցման ծրագրի» իրականացման հիմքերը դրվեցին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով:

Այսօր արդեն կարող ենք տեսնել ծրագրի տեսանելի վերջնարդյունքը.  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  հին ջերմոցը վերափոխվել է անճանաչելի, նորագույն տեխնոլոգիաներով զինված ուսումնափորձարարական ջերմատան։ Ջերմատան բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը,  ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ինչպես նաև ուսանողներ, դասախոսներ և այլ պաշտոնատար անձինք:

Բացման խոսքով ICARE  հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը նշեց, թե որքան ջանասիրաբար և մեծ սիրով են կատարել ծրագրի իրականացման գործընթացները թիմային ամուր աշխատանքով՝ ջանք ու եռանդ չխնայելով ստեղծելու բոլոր նախապայմանները, որոնք ուսանողներին հնարավորություն կընձեռեն գործնականում կիրառել լսարանում ձեռք բերած գիտելիքները:

«Այսուհետ Ջերմատնային մշակաբույսերի մշակության ու կառավարման 10-ամսյա դասընթացի մասնակիցները կկարողանան աշխատել, հետազոտել, սովորել հենց այս ժամանակակից ջերմատանը, որի մի հատվածը նաև «օժտված է» արհեսատական բանականությամբ», – իր խոսքում նշեց պարոն Գրիգորյանը:

 ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան ևս ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ հատկապես գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից, քանի որ ըստ նրա՝ մեր երկիրն ունի ահռելի ներուժ` տնտեսությունը հիմնելու գյուղատնտեսական ամուր հիմքի վրա:

Իսկ ՀԱԱՀ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հպարտորեն նշեց, որ նրանք ևս մի քայլ մոտ են ագրոտեխնոլոգիական հեղափոխության ցանկալի վերջնարդյունքին:  «Սա ոչ միայն  ներդրում է բուն ջերմատան կառուցման մեջ, այլև մարդկային հզոր կապիտալի»,- ընդգծել է Վարդան Ուռուտյանը։

Բացման խոսքերի ավարտից հետո ներկա գտնվողների համար կազմակերպվեց շրջայց հենց ջերմատան մեջ, որը ունի 4 ենթաբաժին:  Դրանցից մեկը ամբողջովին կարգավորվում է հավելվածի շնորհիվ, որը ձեռք է բերվել ԱԿԲԱ ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ: Այն կարողանում է ավտոմատացված համակարգով և՛ ոռոգել տարածքը, և՛ ազատվել մոլախոտերից,  պարարտացնել հողը և կատարել մի շարք այլ գործառույթներ: Հարկ է նշել, որ հավելվածի շնորհիվ նույնիսկ հարկավոր չէ ֆիզիկապես ներկա գտնվել ջերմատանը. բոլոր գործընթացները կարող են կարգավորվել հեռավար եղանակով: Հատկապես համաճարակային իրավիճակում սա կարող է լավագույն լուծումը հանդիսանալ մասնագետների համար:
Ջերմատան տեխնոլոգիական հագեցվածության հարցում ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ համալսարանի եւ ICARE հիմնադրամի հավատարիմ բարեկամներ, բոստոնահայ ամուսիններ Ջուդիտ Սարյանը եւ Վիկտոր Զառուկյանը:
Վերջում հավելենք, որ ջերմատունն ունի 420 քմ տարածք և այն հանդիսանալու է կարևոր հետազոտական կենտրոն, որի դռները բաց են  նաև ջերմատնային բիզնեսով զբաղվող անհատների համար:

Menu